«Ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակոբոս 4; 4):
Ինչպես Աստված աշխարհը ստեղծել է որոշակի օրինաչափություններով, սահմանել է օրենքներ և հաստատել է իշխանություն այդ աշխարհի վրա, այնպես էլ չարը ցանկանում է և փորձում է, մինչև իր մոտալուտ կորուստն ու կործանումը, սեփական աշխարհը ստեղծել, սեփական օրենքները սահմանել իր «արարչության» համար և սեփական իշխանությունը հաստատել իր «արարածների» վրա:
Այսինքն, նա ոչ թե ցանկանում է զուտ ինքնանպատակ կերպով ուծացնել, բարոյալքել և ապականել մարդուն, այլև զուգահեռ իր աշխարհն է «արարում»` իր արարածներով, և իր թագավորությունն է հաստատում` իր իսկ հպատակներով: Եվ նա այդ աշխարհը ստեղծում է մարդկային մեղքերից` դրանք վերածելով «հպատակություն սնուցող» յուրահատուկ միջավայրի: Ինչպես շատ հաճախ տեսնում ենք մեր հասարակության մեջ: Սատանան աշխարհասեր մարդուն մի փոքր մեղքով գերում ու տանում է դեպի առավել մեծը, քանի որ այդ կարգի մարդը երբեք չի ուզում ուրիշների աչքին երևալ այն, ինչ կա, և դա այն դեպքում, երբ նա երբևէ որևէ ջանք չի գործադրում` լինելու համար այն, ինչ ուզում է երևալ: Բացի այն, որ Աստծո տերությունը մերժողները, ինքնաբերաբար, օբյետիվորեն հայտնվում են Նրա հակառակորդի բանակում, չարը կամենում է մարդուն դիմազրկել և այլափոխել անդառնալիորեն, խեղել մարմնապես և հոգեպես, որպեսզի հնարավոր զղջում ու վերադարձ չլինի: Քանի որ մարդու համար, ի տարբերություն դևերի, Աստված սահմանել է դարձ և ապաշխարհություն: Ապստամբածը կարող է կրկին հնազանդության դառնալ: Առաջին հայացքից սատանայի ձգտումը, սուբյեկտիվորեն, արդեն ստեղծվածի, սահմանվածի ու հաստատվածի պարզունակ ժխտումն է, սակայն խորքում դա սատանայի աստվածացված ու երկրպագված լինելու չիրագործված նկրտումները իրագործելու գերլարված մի ճիգ է: Այնինչ այս ամենը, օբյետիվորեն, լույսի ու խավարի տարանջատման գործընթացի շարունակությունն է. հատվածական խավարը կամբողջանա: Մարդը, Աստծո արարածը լինելով, մարդ մնալու համար պետք է շարժվի Աստծո սահմանած կանոններով և հաստատած օրենքներով: Երբ Նոր կտակարանում կարդում ենք, թե «վերջին օրերում» ինչպիսին է լինելու մարդը, թվարկված հատկանիշներից և ոչ մեկը մարդկային չէ, անգամ չի տեղավորվում շարքային, մարդկային, օրինաչափ մեղսահակության շրջանակներում: Ներկայացվածը մարդկային նոր տեսակ է, որի համար մեղքը էություն է ու կենսակերպ: Լիարժեք «աստվածացման» համար սատանան, ի տարբերություն Աստծո, մարդուն պարտադրու՛մ է իր թագավորության օրենքները, որովհետև նա չի վերստեղծում, նա այլափոխում է եղածը` արարչության պատրանք ստեղծելով: Մարդը պետք է հեռանա ինքն իրենից, ուրանա ինքն իրեն, դառնա ո՛չ ինքը, որպեսզի դեյուրե համարվի չարի թագավորության հպատակ` սատանայապաշտ, թեև դեֆակտո նա, իր սխալ ընթացքի մեջ, արդեն իսկ սատանայապաշտ է: Գործընթացի ավարտին մարդը դադարում է Աստծո որդի լինել և դառնում է սատանայի որդեգիր: Ամեն ինչ միանգամից չի լինում: Մարդուն կողոպտում են աստիճանաբար:
Ինչպես ասում են` աչքը սովորի: Երբ մարդը չի գողանում, չի սպանում, չի օրինազանցում տուգանվելու, դատապարտվելու, ազատազրկվելու վախից միայն, դա արդեն իսկ դիմազրկում է և անէացում: Իսկ սատանայի թագավորությունում այլընտրանք չկա: Մինչդեռ Աստծո տերության մեջ այլընտրանքը սերն է: Աստծո հանդեպ սիրո ապացույցը պատվիրանապահությունն է: «Սիրո մեջ երկյուղ չկա, եւ կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետեւ երկյուղը տանջանքի ենթակա է, եւ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ: Սիրե՛նք Աստծուն, որովհետեւ առաջինը Նա՛ սիրեց մեզ, ...քանզի ա՛յս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք Նրա պատվիրանները» (Ա Հովհ. 4; 18-19, 5;3):
Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս